ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ-ում հետպատերազմյան դժվար իրավիճակին` նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։
Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։
Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։
Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։