«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ քննարկումը կարևոր էր, բայց, կարծես, այն ավելի խորացրեց երկրում եղած ճգնաժամը:
«Մենք սկսեցինք ռազմական դրության հարցի չեղարկման քննարկումով, երեկ մենք հանձնաժողովում քննարկել ենք նաև դրա հնարավոր փոփոխությունների մոտալուտ սցենարը: Այսօրվա քննարկումների արդյունքում ինձ մոտ համոզմունք առաջացավ, որ ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է՝ հատկապես Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորը նշեց, որ ռազմական դրության հաստատումը տեղի է ունեցել կառավարության որոշումով, իսկ որոշումը կայացվել է ռազմական գերատեսչության ցանկությամբ: Ասաց, որ այսօր էլ ռազմական գերատեսչությունն ինքը պետք է իր առջև դրված խնդիրների շրջանակում պահանջ դնի՝ այդ ռեժիմը պետք է, պետք չի, մասամբ է պետք, թե ոչ:
Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մի քանի օր առաջ արդեն ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին և, կարծում է, որ դա պետք է հասանելի լինի հանրությանը, որովհետև, պատգամավորի խոսքով, գնահատված է այդ պահին բանակային ստորաբաժանումների վիճակը: