Շուրջ երկու ամսվա դադարից հետո առաջին անգամ Կառավարությունն այսօր նիստ գումարեց: Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների:
Սա նաև նորացված կազմով Կառավարության առաջին նիստն է: Պաշտպանության, արտաքին գործերի, ԿԳՄՍ, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների փոփոխություն է եղել: Սպասվում է նաև էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: Վարչապետը շնորհակալություն հայտնեց արդեն պաշտոնաթող նախարարներին իրենց կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթեց գերատեսչությունների նորանշանակ ղեկավարներին:
Վարչապետը նիստը սկսեց հատուկ ելույթով:
«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն։ Բայց մեր հրամայականն ու անելիքը հետևյալն է. մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակներն ու հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը:
Ուզում եմ նորից ասել՝ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին ու ներքին կայունության և անվտանգության ապահովումը և իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն դրան»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունն արդեն երկու միջոցառում է ընդունել՝ աջակցելու Արցախի բնակչությանը, և կընդունի այնքան միջոցառում, որքան անհրաժեշտ լինի:
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը նույնպես լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում և իրականացվելու է Տավուշի մարզում իրականացրած աշխատանքների նմանությամբ:
«Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացումն ու գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Ցավոք, այս աշխատանքների արդյունավետությունը կախված է ոչ միայն մեզանից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում են»,- նշեց Փաշինյանը:
Նույնիսկ այսպիսի բարդ ժամանակաշրջանում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, որի ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվեն՝ ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով:
Այս ամենին զուգընթաց՝ պետք է տեղի ունենան պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու:
«Ժողովրդին պետք է հասու լինի ճշմարտությունը, և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ՝ մեր ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի»,- նշեց վարչապետը:
Հայ ժողովրդի ստեղծարար ներուժն անսպառ է, և առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է այդ ներուժի կենտրոնացումը՝ նոր ապագայի կառուցման վրա:
«Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի: Եվ մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը: