Պատերազմից հետո կառավարության առաջին նիստն է: Օրակարգի հարցերից առաջ՝ նախ հարգանքի լուռ մեկ րոպե՝ բոլոր զոհվածների հիշատակին:
Ապա վարչապետ Փաշինյանը երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ տարվող աշխատանքներից խոսելիս նախ ընդգծեց՝ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Պաշտոնաթող նախարարներին շնորհակալություն, իսկ նորերին հաջողություն մաղթելով՝ առաջիկա ծրագրերից է տեղեկացնում վարչապետը: Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզի օրինակով կլինի, իսկ գերիների փոխանակումը, զոհվածների ընտանիքների, պատերազմից տուժածների հրատապ օգնությունը կառավարության առաջնահերթ անելիքների ցանկում է: Նույնիսկ այս իրավիճակում պետք է բարեփոխումների օրակարգով առաջնորդվել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ամենահրատապ խնդիրների հետ միասին պետք է իմանա ժողովուրդը՝ ի՛նչ է տեղի ունեցել .... ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապագայի տերն ինքն է... Պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակական երաշխիք, ընդ որում, օրակարգը պետք է ընդլայնվի։ Պետք է տեղի ունենա կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման ու վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Մեր ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ սեփական երկրի ու իրավիճակի տերը լինելու ու փաստի պահպանումն է ու այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի հավատը սպանվի:
Ընդունելության 3 քննության փոխարեն՝ 2՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի առաջարկն էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով... Դեռ կքննարկեն: Այս պահին միջպետական և տեղական նշանակության 550 կմ ճանապարհ ունենք կառուցած՝ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Կառավարությունը հաստատեց նաև միջոցներ հատկացնել՝ համայնքային նշանակության ճանապարհների նորոգման համար: Ապա ներդրումային նոր ծրագրի մասին՝ Կոմիտասի պողոտայում նոր կառուցապատման համար:
Ապա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է Հայաստանում համաճարակային իրավիճակը: Դրական դինամիկա կա՝ երեկվանից ծանր վիճակում քաղաքացի չունենք, որին հիվանդանոցում տեղավորել չկարողանանք: Եվ հաջորդ տարի արդեն մենք պատվաստանյութի ձեռքբերման պրոցեսից հետ չե՞նք մնա՝ հետաքրքրվում է Նիկոլ Փաշինյանը Թորոսյանից: Աշխարհի հետ համընթաց կգնանք, երբ աշխարհում ԱՀԿ-ն պատվաստանյութը հաստատի, Հայաստանը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կունենա:
Եվ կառավարության նոր որոշմամբ Կոտայքն ունի նոր մարզպետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնում վստահության համար և ստանձնում Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դեռ 4 ամիս առաջ ազատվել էր աշխատանքից՝ նշանակվելով շրջակա միջավայրի նախարար։