Ռազմական դրությունը որևիցե իրավական հենք, իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորի խոսքով՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել ու հնարավոր լինի նաև Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմից օգտվել՝ խաղաղ հավաքներ, քննարկումներ և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել:
«Հարգելի՛ ընկերներ, այսօր ավելի քան օրհասական է ժամանակահատվածը: Առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու ռազմագերիների, Արցախում ստեղծված իրավիճակի մասով: Խոսում են 121 բնակավայրի հանձնման մասին, բայց խոսքն իրականում 181 համայնքի մասին: Հենց այս պահին, երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են իրենց բնակավայրերը և անհուսալի իրավիճակում են հայտնվում: Ո՞ւր են պետական այրերը, որ հուշագրի շրջանակում պետք է գործողություններ իրականացնեին: Մարդիկ մնացել են միայնակ իրենց խնդիրների հետ: Ո՞ւր է պետական քաղաքականությունը»,- ասաց Էնֆիաջյանը: