Նոր մանրամասներ՝ նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»՝ գրում է Ermenihaber-ը։ Թուրքական մամուլը նշել է, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան։
Նեթանյահուն և Մուհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի շրջանակում խոսել են Թուրքիային թիրախավորելու ռազմավարության շուրջ։
Կողմերը նաև քննարկել են մի ծրագիր, որն ուղղված է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելուն։
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Սալմանը, որը մտահոգ է Պաղեստինում Թուրքիայի դերակատարության համար, Նեթանյահուի հետ քննարկել է այդ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու հարցը։
«Իսրայելն Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու համար ողջունել է Ռիադի ակտիվ դերակատարությունը»,- մեկնաբանել է թուրքական Haber 7 լրատվամիջոցը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում Արևելյան Երուսաղեմում այդ երկրի աճող ազդեցությունը հավասարակշռելու համար Իսրայելը թույլ է տվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող բարեգործական ընկերությունների գործունեությունը։