Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ներկայացրած՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի հարցն է:
Նիստին մասնակցելու համար գրանցվել է 99 պատգամավոր: Ներկայացված նախագիծը կքննարկվի ընդհանուր կարգով՝ առանց ժամային սահմանափակման:
Որոշում ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին արտահերթ ելույթի իրավունք տալու մասին:
Այնուհետև ռազմական դրությունը վերացնելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում վերցրեց: «Քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում վերցնել, որպեսզի կառավարության ներկայացուցիչը հիմա կարողանա ներկա գտնվել»,- մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել ԼՀԿ ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ: