ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապես ձեռքբերման համար անհրաժեշտ 243.5 միլիոն դրամը վերաբաշխել նախարարության համար նախատեսված միջոցներից: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: Նախագծի ընդունմամբ կապահովի 2021 թվականի համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը, որը կապահովի 2021 թվականի համար պլանավորված աշխատանքների անընդհատությունը»,- նշեց Պապիկյանը:
Նախարարը նաև զեկուցեց, որ ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ կա, իսկ վարկային միջոցների որոշակի խնդրահարույց հարցերը պայմանավորված են COVID-19-ով ու պատերազմական իրավիճակով:
«Պատերազմական իրավիճակն ազդել է նաև ընթացիկ այլ ուղղությունների շինարարության վրա, բայց կարողացել ենք ապահովել այն վայրերում, որտեղ ճանապարհի ինտենսիվությունը թույլ է տվել, շինարարությունը շարունակել: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները լայն թափով: Այս պահին հանրապետական, միջպետական նաև տեղական նշանակության շուրջ 550 կիլոմետր ճանապարհ ունենք կառուցած: Այսինքն՝ արդեն ավարտած ասֆալտապատման աշխատանքների մասին է խոսքը»,- նշեց Պապիկյանը: