Նույնիսկ այսպիսի բարդ ժամանակաշրջանում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, որի ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվեն՝ ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով. Կառավարության նիստի մեկնարկին առաջիկա ամենակարևոր ու առաջնահերթ անելիքների մասին իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:
Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,- ասաց ՀՀ վարչապետը: