Հայաստանում կշարունակի գործել ռազմական դրությունը։ «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ այսօր մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագիծը։
Առավոտից սկսված արտահերթ նիստը տևեց 7 ժամ։ Սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան»-ը, դրան միացել էր «Բարգավաճ Հայաստան»-ը։ Ընդդիմադիրները վստահ են՝ պատերազմից 16 օր անց երկրում ռազմական դրություն պահպանելու համար հիմքեր այլևս չկան։
Երկրում գործող հատուկ ռեժիմը սահմանափակում է խոսքի ազատությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, հավաքների անցկացումը։ Հերթով մատնանշելով եղած կետերը՝ հիմնական զեկուցող «Լուսավոր Հայաստան»-ի քարտուղարը նաև տնտեսական բացասական հետևանքներն է շեշտում, օրինակով խոսում՝ պատերազմից հետո էլ երկքաղաքացիություն ունեցողները չեն կարող հատել սահմանը, մեկնել, օրինակ, արտագնա աշխատանքի։ Ընդդիմությունը վստահ է՝ որոշ կետեր պարզապես անիմաստ է պահել, իսկ հետպատերազմյան խնդիրները լուծելու համար կառավարությունը կարող է առանձին որոշումներ ընդունել։
Մինչև արտահերթով մեծ օրակարգ մտնելը, ընդդմիության նախագիծը երեկ դրվել էր պաշտպանության հանձնաժողովի քննարկմանն ու բացասական եզրակացություն էր ստացել։ Հանձնաժողովի անդամ, իմքայլական Արեն Մկրտչյանն այսօր պարզաբանեց՝ գլխավոր շտաբի ներկայացուցիչը երեկ ընդգծել էր ռազմական դրության պահպանման անհրաժեշտությունը։
Մկրտչյանը, սակայն, հստակեցրեց՝ այս ընթացքում ՊՆ-ն մշակել է նախագծերի փաթեթներ, ներկայացրել կառավարություն ու դրանց հաստատմամբ՝ սահմանի անվտանգության ապահովման կազմակերպումն արդեն հնարավոր կլինի առանց ռազմական դրության։ Վլադիմիր Վարդանյանն էլ ընգծեց՝ իրենք էլ վստահ են, որ հատուկ ռեժիմը երկար շարունակվել չի կարող, բայց նախ պետք է լինեն բավարար պայմանները։
Ամբիոնին մոտեցած «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները հայտարարեցին՝ չեն հերքում, թե վտանգ չկա, բայց ռազմական դրության պահպանումը նպաստում է երկրում լարվածության աճին ու իշխանության կյանքը երկարաձգելու միջոց է։
Արտահերթ նիստին ներկա էր նաև Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը։ Արթուր Սարգսյանը կոչ արեց նախագիծն այս տեսքով դեռ չընդունել, ասաց՝ սա քաղաքական կարծիք չէ․ մասնագիտական գնահատականն է։
Խմբակցությունների անունից ելույթի ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը պնդեց՝ պատերազմում պարտված վարչապետը պետք է հեռանա։ Հավաստիացրեց՝ նախկինների վերադարձն էլ թույլ չի տալու։ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց՝ կրակի դադարեցման համաձայնեցման արդյունքում Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ ավելացել է 410 կմ-ով։
Ընդդիմադիրներին, ելույթից հետո, պաշտպանության հանձնաժողովի նախագահը կոչ արեց ականջալուր լինել նախարարության գնահատականին ու ռազմական դրությունը պահպանել այնքան, որքան անհրաժեշտ է։
Ելույթների ժամանակ պատգամավորների նյարդերը տեղի էին տալիս, կրքերը՝ երբեմն բորբոքվում։ Եղավ նաև միջադեպ «Իմ քայլ»-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև։