Վերքերը սպիացել են, բայց լիարժեք ոտքի կանգնելու համար Գևորգը պայքարում է: Կռվել է ամենաթեժ կետերից՝ հարավարևելյան հատվածում:
Գևորգ Սրապյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Մեր պոստում բժշկական համալսարանի ուսանող կար, լավ հասկանում էր բժշկությունից, բախտներս բերեց, ժգուտ դրեց, եթե չդներ, կմեռնեի, արնահոսում էի:
Ռազմաճակատում ոտքն է թողել, կորցրել ընկերներին, բայց չի կորցրել ապագայի հանդեպ հավատը: Սեպտեմբերից կսովորի պոլիտեխնիկումում:
Գևորգ Սրապյան - Կռվի ընթացքում իմ մանկության չորս ընկերներին եմ կորցրել, հիմա մենակ իմ տեղը չեմ ապրում, վեցն էինք, երկուսն ենք մնացել, դրա համար իրավունք չունենք թուլանալու:
Վիրավոր տղաները սայլակով եկել են, քայլելով տուն գնացել. Զինվորի տանը օրինակները շատ են: Քիչ է մնացել՝ Գևորգը ևս կսկսի քայլել:
Անուշ Ներսիսյան (կինեզիոթերապիստ) - Պատրաստվում ենք պրոթեզավորման, մկանային ուժն ենք մեծացնում, հավասարակշռությունը, քաշի կրումները, որ պրոթեզավորվի ու քայլի:
Թշնամուն հետ են շպրտել, ծանր վիրավորվել: Դիմադրել են մինչև վերջ, նաև վիրահատարանում: Դիպուկահարի գնդակից Արսենը գրեթե կորցրել էր ձեռքը: Արտյոմին այստեղ հասցրել են յոթ օր անց՝ ծայրահեղ ծանր վիճակում: Հայտնի վիրաբույժը մեկ բառով է նկարագրում կատարվածը՝ հրաշք:
Արտավազդ Սահակյան (ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար) - Արտյոմը մեկ օր ընդհանրապես ազդրային զարկերակը կորցրած էր: Աջ ձեռքն ամբողջովին պոկված, ձախը... Երկուսն էլ լավ են, առաջիկայում ձախ ձեռքի վիրահատություն կունենանք:
Արդյունք անպայման կլինի: Ապացույցն էլ միջադեպի հետևանքով ձեռքն ամբողջությամբ կորցրած երիտասարդն է, որ պատահական եկել էր Հայրենիքի պաշտպանի տուն: Քչերն էին հավատում հրաշքի, բայց եղավ՝ շնորհիվ հայտնի բժշկի: 2 տարի անց Ժորան ձեռքն ազատ շարժում է:
Ծանր վիրավորների կյանքը փրկելուց հետո մասնագետներն ամեն ինչ անում են՝ նրանց շարունակական բուժումն ապահովելու համար:
Արտավազդ Սահակյան - Սա մայր տաճարն է, մենք ունենք պլաստիկ վիրաբուժության, դիմածնոտային, ուրոլոգիա, տրավմատոլոգիա, հզոր ռեանիմացիա: Այս հարցերով կարող են ինձ դիմել, կլինիկայի աշխատակիցներին: Կարևոր խնդիր է, որ 18, 20 տարեկան տղաներն ապրեն առանց ամաչելու, որակյալ արտաքինով:
Արցախից Մանուշ Վանյանն աչքերին չի հավատում՝ ծանր վիրավոր իր զինվորն արդեն ժպտում է, կողքին Քաջարանից՝ քաջ Արսենը:
Մանուշ Վանյան - Սոսի դպրոցի տնօրենն եմ, գնալու եմ Արցախ, հարյուրից ավելի աշակերտ սպասում է:
Սամվել Դավթյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Մեր պատմության հերոսական էջերը որ նայում էիր, ուզում էիր դուխով...
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լսում են տղերքի ցանկությունը, ամեն ինչ անում՝ այն շուտ իրագործելու, նրանց ոտքի կանգնեցնելու համար: Պատերազմում թշնամին կիրառեց արգելվող զենքեր, որոնց հետևանքով շատ տղաներ անդամահատվեցին:
Լուսինե Պողոսյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնող բժիշկ) - Առաջացավ կարևորագույն հարց, ստեղծել նաև պրոթեզարան, շատ ուրախ ենք, տղաները հնարավորություն կունենան գերմանական արտադրության պրոթեզներ, տեղում ճիշտ գնահատել, կունենանք քայլքի լաբորատորիան: Ունենք սարքերը՝ մարզելու տղաներին, բերելու լիարժեք կյանքի:
Պրոթեզարանի շինարարությունը սկսվել է: Պրոթեզավորող մասնագետը կվերապատրաստվի գերմանական կենտրոնում: Եվս մեկ խոշոր նախագծի մասին հայտնեց բժշկական մայր բուհի ղեկավարը՝ հերոս զինվորները կունենան իրենց հիվանդանոցը՝ Վետերանների հոսպիտալը:
Զինհաշմանդամների բոլոր կարիքներն այստեղ գնահատել են: Վետերանների հոսպիտալը համալրված կլինի նաև նեղ մասնագետներով՝ տղաների բուժումը որակյալ և ճիշտ ժամանակին կազմակերպելու համար: Հայրենիքի համար կյանքը վտանգած տղաները չպետք է որևէ հոգս ունենան: