Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ցուցանիշներին: Թորոսյանը ներկայացրեց, որ երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք՝ նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն էլ ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:
«Այսինքն՝ հարաբերական կայուն վիճակ ունենք և մի փոքր բարելավված՝ եթե համեմատենք 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է: Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և նրանց չենք կարողանում տեղավորել: Բոլորին տեղավորում ենք: Հույս ունենք, որ իրավիճակն առնվազն մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի»,- նշեց նախարարը: