Պաշտպանության նախարարության դիմաց այս անգամ հավաքված ծնողները պահանջում էին ժամկետային զինծառայողների պատշաճ պայմանների ապահովում: Հատկապես պատերազմ տեսած զինծառայողները, ըստ ծնողների, հոգածության կարիք ունեն: Ըստ նրանց տեղեկությունների, տարբեր զորամասերից մեկ վայրում հավաքած զինծառայողներին պահում են ոչ զորանոցային պայմաններում:
Ծնողների պնդմամբ՝ ժամկետային զինծառայողները վերականգնողական հանգստի կարիք ունեն: Զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունից ակնկալում են զինծառայողների առողջության, հանգստի և ապահով կեցության խնդիրների արագ լուծում: Նույնիսկ պատրաստ են իրենց երեխաների վերականգնողական ծախսերը իրենց վրա վերցնել:
Ծնողների բողոքին պաշտպանության նախարարությունից արձագանքեց քաղաքացիների դիմումների և առաջարկությունների բաժնի պետը:
Արշալույս Պողոսյան (ՀՀ ՊՆ քաղաքացիների դիմումների և առաջարկությունների բաժնի պետ) - Հարցեր են, որոնք պիտի ուսումնասիրվեն: Ես կխնդրեմ՝ հրավիրենք ձեզ ներս, ստորագրեք արձանագրությունը:
Ծնողները խնդրում էին կամ հերքել զինվորների ոչ բարվոք պայմանների մասին լուրերը, կամ դրանց արագ լուծում տալ: