ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ չնայած ավարտվել է պատերազմը, սակայն չեն վերացել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու վտանգները: ԱԺ արտահերթ նիստում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանը Իգիթյանն ասաց, որ լսել է Սենատի իրենց գործընկերների երեկվա ելույթները, նաև լսել ելույթներ Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Եվրապառլամենտում: «Այդ երկրները շարունակում են քննարկել այն, որ Հայաստանի վրա հիմա կախված է Թուրքիայի վտանգը»,- ասաց Իգիթյանը՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհում այդ վտանգը տեսնում և խոսում են:
«Այս վտանգի հիման վրա այսօր պատրաստվում են բանաձևեր, և այդ բանաձևերում պետք է նշված լինի Թուրքիայի լկտի, անօրինական և ագրեսիվ պահվածքը հայ ժողովրդի և Արցախի ժողովրդի հանդեպ»,- ասաց Իգիթյանը՝ նշելով, որ ռազմական դրությունը կոնկրետ նաև նպատակ ունի: Ասաց, որ, օրինակ՝ «Ռազմական դրության մասին» օրենքի 7-րդ հոդվածով բոլոր միջոցառումները, որ իրականացվում են ռազմական դրության ժամանակ, եթե գտնեն որևէ մեկը դրանցից, որն այսօր ակտուալ չէ, պատրաստ է իրենց հետ քննարկել դրանք հանելու հարցը:
Պատգամավորն անդրադարձավ նաև ահաբեկիչների խնդրին՝ ընդգծելով, թե ինչպես են այսօր տեսնում տեռորիզմի վտանգը՝ այն կա թե չկա, ու շեշտեց, որ մենք երաշխավորված պատասխան չունենք այսօր:
Իգիթյանը նախագծին անդրադառնալով նշեց, որ պետք է տարանջատել քաղաքական և իրավական մասը՝ ասելով, որ եթե գտնում են, որ կան կետեր, որոնք այս իրավիճակում հնարավոր է փոխել՝ քաղաքական գործունեությունն ավելի պատշաճ իրականացնելու համար՝ ապա քննարկեն: