ԱԺ արտահերթ նիստում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հիմնական զեկուցողին հարցրեց ռազմական դրությունը մասնակի չեղարկելու մասին:
«Եթե հիմնավորումներ են բերվել, որ որոշ հանգամանքների պատճառով ռազմական դրությունը չեղարկելն այս պահին ժամանակավրեպ է, չէի՞նք կարող կառավարությանը ժամանակ տալ՝ չեղարկելով այդ հատուկ սահմանափակումները, որոնք, ձեր կարծիքով, ժամանակավրեպ են, թողնել այն հատվածը, որը վերաբերում էր հումանիտար օգնությանը կամ մոբիլիզացիային»,- հարցրեց Թևոսյանը:
Հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ մասնակի չեղարկման տարբերակը նույնպես Աժ-ն կարող է նախաձեռնել, իրենց առաջարկած այս նախագիծը արդեն 7-8 օր է՝ շրջանառության մեջ է, սակայն, օրինակ՝ կառավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից առաջարկ չի ստացվել, որ մի մասը պահեն, մյուս մասը չեղարկեն, որպեսզի դա կարողանային քննարկել: Հարցին ի պատասխան, թե ինչու հենց իրենք էլ դա չեն առաջարկել, նշեց, որ իրենք գտնում են, որ ռազմական դրությունը շարունակելու կարիքը չկա, և հենց այսօր ռազմական դրությունը կարող են չեղարկել, իսկ եթե իրենք գտնում էին որ ինչ-որ մասեր պահելու կարիք կա՝ կարող էին առաջարկով ներկայացնել: