ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննիս Իգիթյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ եթե առաջարկում են հանել ռազմական դրությունը, արդյոք վտանգը, ինչի համար երկրում ռազմական դրություն սահմանվեց, այլևս գոյություն չունի՞:
Գորգիսյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա 1994 թվականից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում, քանի որ շրջապատված ենք հարևաններով, որոնք ագրեսիվ են տրամադրված մեր հանդեպ և հայտարարել են, որ ընդհուպ մինչև Երևանը պետք է գրավեն: Գորգիսյանը շեշտեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո եղել են ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, որ ռազմական գործողությունների վտանգ չկա, և դրա համար տրվել են նաև երաշխիքներ, այդ թվում՝ Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, որոնք էլ երաշխավորում են այդ անվտանգությունը: Նրա խոսքով՝ զինված ուժերի վերաբաշխման համար ռազմական դրությունը պարտադիր պայման չէ:
«Ես երեկվանից կառավարության ներկայացուցչին և ՊՆ ներկայացուցչին հարցնում եմ, թե ի՞նչ խոչընդոտներ կան կոնկրետ իրավական դաշտում, որոնք կարող են ձեզ խանգարել նշված գործողությունները իրականացնելու համար, և դեռևս որևէ պատասխան չկա: Այսինքն՝ ռազմական դրության չեղարկելը փաստացի որևէ կերպ չի խոչընդոտելու ձեր ասած խնդիրները լուծելուն»,- ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ չունենալով ռազմական դրություն՝ տարիներ շարունակ լուծել են ՀՀ անվտանգության խնդիրը, ունենալով զորքեր առաջնագծում և դրանք վերաբաշխելով ինչպես պետք են: Գևորգ Գորգիսյանը Հովհաննես Իգիթյանին ասաց, որ նա իր ելույթում կարող է նշել այն իրավական ակտերը, որոնք միգուցե խանգարեն այդ գործընթացին: