Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու նախագծի հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց ագրեսիա Արցախի դեմ, և այդ իրավիճակում ՀՀ Կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն՝ հիմնավորմամբ, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների հետևանքով առկա է ՀՀ-ի վրա զինված հարձակման և ՀՀ տարածք ներխուժման անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնար է առանց արտակարգ միջոցառումների ձեռնարկման:
Գորգիսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին կնքվեց հայտարարություն, որով ավարտվեցին ռազմական գործողությունները, իսկ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով ասվում է, որ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել, որը կարող են անել կառավարությունը, ԱԺ-ն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համատեղ նախաձեռնել է արտահերթ նիստ, որտեղ առաջարկում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը: Երեկ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ունեցանք բավականին լուրջ քննարկումներ»,- ասաց Գորգիսյանը:
Անդրադառնալով նախագծի վերաբերյալ հիմնական առարկություններին, պատգամավորը հիշեցրեց՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալը պնդում էր, որ ռազմական դրությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հումանիտար նշանակության ապրանքներ ներկրել առանց մաքսային վճարների կամ համապատասխան տուրքերի և հարկերի:
«Ակնհայտ է, որ որոշումներն այդպես են կազմված, բայց այդ որոշումները փոփոխման ենթակա են, և դա կարելի էր անել վերջին 16 օրերի ընթացքում՝ այն օրվանից, ինչ ստորագրվել էր համապատասխան պայմանագիրը: Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ Ալբերտ Բաղդասարյանը նշեց, որ անվտանգության տեսանկյունից կարծես թե խնդիր չի առաջացնում ռազմական դրությունը հանելը, քանի որ իրենք արդեն իսկ պատրաստել են կառավարության որոշումների փաթեթ, որը պատրաստ է ներկայացվել կառավարություն, և այդ որոշումներն ընդունելու պարագայում բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծի կառավարությունը, պաշտպանության գերատեսչությունը՝ ի վիճակի կլինեն լուծել առանց ռազմական դրության: Որպես կոնսենսուսային լուծում՝ ես առաջարկեցի կառավարության կողմից մեզ հնչեցնեն որևէ ժամկետ, որը մենք կկարողանանք ներառել ԱԺ որոշման մեջ, որով հնարավոր կլինի այսօր ընդունել որոշում, որն ուժի մեջ կմտնի մեկ, հինգ կամ տասը օրից, որպեսզի որոշակիություն նաև ունենանք»,- ասաց Գորգիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակն արդեն փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակվում են մնալ, իսկ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատությանը, մարդու ազատ տեղաշարժման իրավունքին, հավաքների և գործադուլների ազատությանը, և այս ամենը ունենում է, Գորգիսյանի խոսքով՝ նաև բացասական հետևանք տնտեսական տեսանկյունից: Նշեց նաև, որ այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են և դեռևս գտնվում են տարբեր զորամասերում, մշտական տեղակայման վայրերում և որևէ մարտական խնդիր չեն կատարում հիմա չեն կարողանում զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ, որովհետև մարդիկ իրենց աշխատավայրը, տնտեսական գործունեությունը թողել և գնացել են այնտեղ: Գորգիսյանի խոսքով՝ երկրում խիստ սահմանափակումների կարիքն այլևս չկա: