Մարտական ճամբարի հեղինակներից «Տիգրան Աբգարյան» ակումբի նախագահ Ժորա Աբգարյանն ասում է՝ ռազմագիտություն առարկան լսարանից պետք է տեղափոխել պայմանական մարտադաշտ: Աշակերտը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու ընկերոջը, ցույց տալ առաջին օգնություն, ինչու չէ՝ նաև պարտվել, որպեսզի հետագայում ունենանք հաղթանակած սերունդ:
Ժորա Աբգարյան («Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբի նախագահ) - Մենք ուզում ենք ստեղծել տարածք, հնարավոր կլինի զինղեկներին ու աշակերտներին բերեն այն տեղը, որը կբերի, որ դա լինի պրակտիկա իրենց համար:
Մարտական ճամբարն արդեն երկու ամսական է, պատերազմի առաջին իսկ օրն է ձևավորվել, ամեն ինչ կամավորական հիմունքներով է:
Ժորա Աբգարյան - Առաջին պահից իրական դպրոցի հետ ենք և իրենց սաներն են գալիս, ևս երկու դպրոց, երիտասարդական փոքր դպրոց և արշավական խումբ։ Գյումրիում՝ 100 հոգի։ Երևանում էլ շատ մարդիկ կան, չենք ուզում, պետք է հասկանանք՝ քանի հոգի է պետք։
Ճամբարականները նրանք են, ովքեր իսկապես ցանկություն ունեն և հաջողում են։ Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ 10-15 հոգանոց:
Ռիչարդ Խաչատուրյան (մարտական ճամբարի ղեկավար) - Կառուցվածքը այսպես է. անցնում են մարտավարություն, անցնում են տեղագրություն, քարտեզագրություն, կրակային վարժություններ, և ունենք նոր առարկա՝ լեռնամագլցումն է, և լեռնային հրաձիգի հնարավորությունները:
Տեղագրության այսօրվա դասն անցկացնում է փոխգնդապետ Արտաշես Ստեփանյանը։ Նա բացատրում է՝ ինչպես խրամատում ճիշտ տեղորոշել և ոչնչացնել թշնամու թիրախները։
Թիրախները ոչնչացնելուց հետո գալիս է հարձակման և թշնամու դիրքը գրավելու պահը։ Պայմանականորեն այն դիմացի ծառաշատ հատվածն է։ Ջոկի հրամանատարը տալիս է մարտական առաջադրանքը, իսկ մինչ այդ բացատրում՝ պետք է միմյանցից 10-12 ոտնաչափ հեռավորության վրա գործել: Յուրաքանչյուր զինվոր պետք է իմանա իր ճշգրիտ առաջադրանքը, օգնի ընկերոջը, չթողնի հրամանատարին:
Սամվել Խաչատրյան (պահեստազորի փոխգնդապետ) - Ամենակարևորը՝ թշնամուն մեջքով չդառնալ, դա աքսիոմա է։ Չվստահել, ամենալավ թշնամին սպանված թշնամին է։ Պաշտպանել ընկերոջը։
Նետվում են առաջ, արձակում նռնականետը, ապա թաքնվում և սկսում սողալ։