Կառավարության այսօրվա նիստը, որը պատերազմից հետո տեղի ունեցած առաջին նիստն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց ելույթով: Իր խոսքի առաջին մասում վարչապետն անդրադարձավ պատերազմին ու դրա առաջացրած հետևանքներին՝ ընդգծելով՝ որպես ՀՀ վարչապետ՝ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:
«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն։ Բայց մեր հրամայականն ու անելիքը հետևյալն են. մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակներն ու հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը:
Ուզում եմ նորից ասել՝ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին ու ներքին կայունության և անվտանգության ապահովումը և իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն դրան:
Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել բավականին մասշտաբային: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ: Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից:
Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,- նշեց վարչապետը: