Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ոչ մի երկրի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման առաջարկի բանաձևը քննարկելու ժամանակ իր ելույթում՝ փոխանցում է Vesti.ru կայքը:
Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Ֆրանսիայի և ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շահերից: նրա խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ֆրանսիացի դիվանագետը կոչ է արել այս հարցին մոտենալ ազնիվ ու պատասխանատվությամբ՝ գիտակցելով նման քայլի ողջ հետևանքները: Նա ֆրանսիացի սենատորներին բացատրել է, որ ղարաբաղյան թեման չի լուծվում միակողմանի գործողությունների օգնությամբ, այն հանգուցալուծել հնարավոր է միայն կողմերի միջև երկխոսության շնորհիվ:
Ժան-Բատիստ Լըմուանի հավաստմամբ՝ կողմերը երկխոսությունը շարունակելու համար, այսօր, քան երբևէ, կարիք ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության: