Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի գործողություններն ու դերակատարումը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում: Նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանy՝ փոխանցում է Belta-ն:
«Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Կովկասում տեղի ունեցածի համար: Կեցցե՛ք: Պարզ է, որ և՛ քննադատություն կլինի, և՛ ամեն ինչ: Սակայն, այն, որ Ռուսաստանի շնորհիվ այս մարտերն ավարտվել են, որ այնտեղ մարդիկ չեն զոհվում, և որ, թեպետ ճանապարհի սկզբին ենք գտնվում, սկսել եք Կովկասում հարաբերությունների կարգավորման երկարատև ճանապարհը, շատ դրական ու լավ նշան է: Մենք հավատարիմ ենք հենց այդ դիրքորոշմանը»,- ասել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ ի սկզբանե քաջատեղյակ էր կովկասյան տարածաշրջանի խնդիրներին և այդ թեման բազմիցս քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Շատ գոհ եմ, որ այս ճգնաժամը հենց այսպես է հանգուցալուծվել, ինչպես մենք ժամանակին քննարկել ենք: Հետևաբար, ես Ձեզ անկեղծորեն շնորհավորում եմ»,- շեշտել է Բելառուսի նախագահը: