2020-ի նոյեմբերի 25-ին Դերբիի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին միաձայն բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկացնում է derbynews-ը:
Դերբին Միացյալ Թագավորության առաջին քաղաքն է, որը նման բանաձև է ընդունել:
«Արցախի Հանրապետությունը էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում: Խորհրդային տարիներին Արցախն ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Հայ ազգային փոքրամասնությունն Ադրբեջանի կողմից անդադար բնաջնջման ու էթնիկ զտումների է ենթարկվել, հետևաբար նրանց անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, քանի որ 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով միաձայն քվեարկել է անկախության օգտին, ինչն ամբողջովին համապատասխանում է միջազգային նորմերին»,- նշվում է բանաձևում:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողություններն ավելի են ընդգծում Արցախի ժողովրդի դեմ գոյութենական սպառնալիքը: Բանաձևում միջազգային հանրությանը կոչ է արվում ակտիվորեն գործել՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար, այդ թվում նաև՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրենց հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը: