Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է անում վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևի ընդունումից հետո՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս եռակողմ հայտարարությունը նշանակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերի կատարում, որոնց հավանության է արժանացրել նաև Ֆրանսիան: Այս հայտարարությունը նույնպես ապահովել է միջազգային հեղինակավոր այլ կառույցների ընդունած փաստաթղթերի իրականացումը: Միլի Մեջլիսը հիշեցնում է, որ նոր իրողությունները պետք է ընդունվեն բոլորի կողմից»:
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը դիմել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերանայելու առաջարկով:
«Դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբից բացառելու հարցով: Վերանայել և խորապես վերլուծել Ադրբեջանի և Ֆրանսիայի կառավարությունների քաղաքական և տնտեսական կապերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթուղթը քվեարկության է դրվել և ընդունվել: