Ֆրանսիայի Սենատը րոպեներ առաջ 305 կողմ 1 դեմ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև: Նախագիծը ներկայացրել էր Սենատի 5 անդամ:
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն իր ելույթում ասաց, որ Ֆրանսիան պետք է մեծահոգի լինի և քվեարկի հանուն արդարության:
«Բնապահպանական համերաշխության» խմբից սենատոր Գոնտարն էլ ասաց, որ Ղարաբաղում արգելված զենքի օգտագործման միջազգային հետաքննություն է անհրաժեշտ: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առանցքային նշանակություն ունի: Մենք պաշտպանում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Լավ կլիներ Ղարաբաղի ինքնորոշման գործընթաց սկսել»,- ասաց Գիյոմ Գոնտարը:
Ֆրանսիայի Սենատի անդամ Ժան Նոուել Գուերինի խոսքով՝ Հայաստանն իր հարևանների ցինիզմի զոհն է դարձել, մասնավորապես՝ Ադրբեջանի. «Եվ այս ամենը նաև մեր կառավարության պատասխանատվությունն է: Մենք պետք է կանգնենք մեր հայ եղբայրների կողքին, այս հարցը հիմա առավել քան հրատապ է, քանի որ այս պահին նաև հումանիտար օգնություն ցուցաբերելու կարիք կա»:
Ստեֆան Ռավիեն նշեց, որ Ղարաբաղի հանդեպ կիրառվել է ագրեսիա, և այդ տարածաշրջանը պիտի ստանար միջազգային օգնություն. «Այն ամենի համար, ինչ կիրառվել է Ղարաբաղում, պետք է դիմել միջազգային դատարան: Միայն պատժամիջոցները կարող են նպաստել, որպեսզի Էրդողանի նկրտումները պակասեն»:
Էլեն Էսիսին ասաց, որ հայ ժողովուրդը շարունակում է զոհ լինել Թուրքիայի ազգայնական քաղաքականությանը. «Էրդողանը դառնում է թուրքական նացիոնալիզմի կրակը և շարունակում է սառը պատերազմի վերջին նկրտումները: Էրդողանը չի հրաժարվել հայերի հանդեպ ազգայնական գաղափարներից: Հայ ժողովուրդը խանգարում է նրան հասնել մինչև Կասպից ծով: Մենք պետք է խանգարենք այս էքսպանսիոնիստական քաղաքականությանը և ցույց տանք մեր համերաշխությունը հայ ժողովրդին»:
Օլիվիե Սիգոլոտին նշեց, որ այս պատերազմում մասնակցեց ամենամեծ բանակներից մեկն ունեցող պետությունը. «Մենք գիտենք, թե ինչ գործողություններ է այդ պետությունն իրականացնում տարբեր տարածաշրջաններում»:
Պատրիկ Կանեի խոսքով՝ իրենք ունեն բարոյական և քաղաքական պարտավորություն այս տարածքում խաղաղության հաստատման համար. «Պետք է ասենք, որ չենք ընդունում պատերազմը, արգելված զենքի կիրառումը, էթնիկ զտումները: Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին»:
Ժիլբեր Ռոժեն ասաց, որ այս հակամարտության կարգավորման մեջ կա երկու սկզբունք՝ ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը. «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և կիրառել է ԱԹՍ-ներ ու զենքեր, որոնք արգելված են եղել: Էրդողանը հանրային կերպով ցույց է տվել և հայտնել իր աջակցությունն Ադրբեջանին: Դրանով իսկ հակադրվել է ոչ միայն Մինսկի խմբին, այլև ՆԱՏՕ-ի անդամ լինելու կարգավիճակին»:
Ժիլբեր Լյուկը նշեց, որ Ղարաբաղի ճանաչումը կարող է բերել երկարաժամկետ խաղաղության. «Մենք լսել ենք Էրդողանի և Ալիևի հայտարարությունը, թե իրենք պետք է իրականացնեն իրենց պապերի երազանքը: Իմ հայ գործընկեր Վլադիմիր Վարդանյանի հետ դեռ 2 տարի առաջ խոսել ենք, թե ինչ փոփոխություն է տեղի ունենում տարածաշրջանում: Մեր բարեկամական խմբի նպատակն է, որպեսզի Հայաստանը կարողանա շարունակել խաղաղ պայմաններում իր ժողովրդավարության կառուցումը: Հատկապես դա ակներև է 2 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Մեր բարեկամները չեն բավարարվելու միայն գեղեցիկ բառերով և հավաստիքներով: Նրանք չեն հասկանա, եթե մենք նրանց ձեռք չմեկնենք»:
Ժան-Բատիստ Լեմոնի խոսքով՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն արեցին հնարավորը հրադադարի հաստատման համար: «Կարևոր է գտնել հակամարտության երկարաժամկետ լուծումը: Այսօրվա հրադադարն ունի բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն: Կան խնդիրներ, որոնց պետք է պատասխանել: Թուրքիան իր օժանդակությունն էր բերել Ադրբեջանին, մենք չենք ընդունում դա: Եվրոպայի խորհրդի հաջորդ նիստին այդ հարցն անպայման կբարձրացվի»: