«Հոգ տար»՝ գրված է տուփին: Արկղում՝ արցախցիներին տրամադրվող սնունդ է՝ մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ, կարտոֆիլ:
Հիգիենիկ պարագաները՝ ատամի մածուկից մինչև լվացքի փոշի, մեկ այլ փաթեթում են: Պարենային ու ոչ պարենային ապրանքի երկու այս ծանրոցն է «Հոգ տար» սոցիալական նախաձեռնությունը հասցնում Երևանում ու Աշտարակում, նաև՝ Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում ապաստանած արցախցիներին: Օգնություն ստանալու նպատակով պետք է գրել կազմակերպության ֆեյսբուքյան էջին:
Նամակներից վերջինը Ջուլիայից է: Արցախից են, իրենց գյուղը մնացել է թուրքերի ձեռքում, էլ տուն չունեն: Հեռախոսի համար է գրել:
«Հիմա կապվելու ենք և այստեղ գրանցեք անուն, համար հասցե, որպեսզի վարորդների հետ երթուղին գծենք ու առաքենք: Տեսեք՝ գունավորներն արդեն ուղարկել ենք․ 3 779 հասցեով մինչ օրս առաքել են»,- ասում են նախաձեռնության հեղինակները:
Առաքումը, ինչպես նաև ապրանքը պարկերից տոպրակներ լցնելու ամբողջ գործը կամավորներն են անում: Մի քանի օր է՝ տեղի մեր ակտիվիստներին միացել են Լոս Անջելեսից եկած հայ երիտասարդներ:
Հայկ Անթանյան (կամավոր) - «Երրորդ օրս ա, մեկ էլ հնարավոր ա Արցախ մեկնենք՝ էլի օգնելու: Բոլորս պարտավոր ենք, որովհետև դեռ պատերազմը ավարտված չէ, պիտի ամեն ինչ անենք, ինչով կարողանանք՝ օգնենք»:
Երկուական արկղ աջակցություն «Հոգ տար»-ը պատերազմի սկզբից հատկացրել է մոտ 50 հազար մարդու: Ոմանց՝ արդեն երկրորդ անգամ: Բարեգործներից ու տարբեր աղբյուրներից պահեստում կուտակված այնքան ապրանք կա՝ արցախցիներին օգնելու համար կբավականացնի մոտ 3 շաբաթ:
Հրայր Սարգսյան («Հոգ տար» սոցիալական նախաձեռնության համակարգող) - «Էս օգության մի մասը՝ բրինձը, ձավարեղենը և մյուս ապրանքները՝ Արցախի շտաբից են: էս հատվածում՝ մակարոնեղեն, սպագետի՝ եկել է Սոչիից, Մոսկվայից: Ինչպես նաև ֆինանսական տեսքով է օգնություն եկել, որ վերածվել է պարենի»:
Կազմակերպությունը սննդով ու կենցաղային պարագաներով օգնում է ոչ միայն վարձով կամ բարեկամի տանը մնացող ընտանիքներին, այլև հյուրանոցներին, որոնք այս օրերին տանիք են տվել, պահում են արցախցիներին: Տուն վերադարձողներին էլ են սկսում օգնել. առավոտյան Ստեփանակերտ են ուղարկել մոտ 2000 հոգու համար առաջին խմբաքանակը՝ ասում է նախաձեռնության համահեղինակ Համլետ Խնկոյանը:
Համլետ Խնկոյան («Հոգ տար» սոցիալական նախաձեռնության համահեղինակ) - «Այսօրվանից սկսած մենք օգնում են նաև այն արցախցիներին, ովքեր տեղափոխվում են իրենց բնակավայրերը, քանի որ էնտեղ կա քաոտիկ վիճակ ու կարիք կա սննդի»:
Ուղարկվող ապրանքի բաշխումն Արցախում համակարգելու համար՝ «Հոգ տար»-ը տեղում շուտով խումբ կձևավորի: Տոննայով նաև ալյուր են ուղարկել, որ կարիքավորները ստիպված չլինեն թանկ հաց գնել:
Դիանա Հարոյան («Հոգ տար» սոցիալական նախաձեռնության համակարգող) - «Մեր կապը Ստեփանակերտի հետ է, որտեղից մեր աշխատանքային խմբերը հարակից գյուղեր տանելու են: Ալյուրը փուռ ենք ուղարկելու, որ թխեն ու անվճար ստանան...»:
Ամբողջ օգնությունը՝ փաստաթղթավորվում է. տպել չէին հասցրել, բայց՝ այսօրվա արկղերում նաև վերջին պահին բերած խնձոր տեղավորեցին: