Նոյեմբերի 24-ին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։
«Հանդիպմանը քննարկել ենք Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։
Այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։
Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից, հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ, քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով»,- Ֆեյսբուքի էջում գրել է Մայիլյանը։