Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը: ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչո՞ւ հինգ տարի, և ինչ պետք է արվի այդ ընթացքում: Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետն ասել է, որ 5-ամյա ժամանակահատվածում, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը տևական է, Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:
Ինչպիսի՞ն է վարչապետի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ ներկայիս փոփոխված պայմաններում: Կարգավիճակը անորոշ է, եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ: Հայաստանը համաձայն է տեսակետի հետ՝ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Վարչապետի դիտարկմամաբ՝ հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան համանախագահության շրջանակում:
Նիկոլ Փաշինյան - Ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա:
Հարցին՝ Ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ հրաժարականի կոչեր հնչեցին: Վարչապետի գնահատմամբ, ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կոչերը լայն տարածում չգտան հանրության շրջանում: ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ:
Նիկոլ Փաշինյան - Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:
Կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել: Վարչապետը վստահեցրեց՝ ոչինչ չեն թաքցնում: Այս հարցերի շուրջ Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի կառավարության, նախագահի հետ:
Նիկոլ Փաշինյան - Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, որոնք համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:
Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար: Վարչապետի խոսքով, մոտ ապագայում պետք է կենտրոնանալ դրա վրա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում: Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը: