Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մասնավորապես, այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը, համապատասխանաբար, Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին, բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.
-
Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն:
-
Բացօթյա տարածքներում կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից:
-
Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը կամ լվացե՛ք ձեռքերն օճառով:
-
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը, անհնարինության դեպքում` մշակե՛ք 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով:
-
Սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը:
-
Սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
-
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: