Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը, հայտնում են ՇՄ նախարարությունից:
Ծրագրով նախատեսված, 2018-2020 թվականների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․
1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու)․
2. 2019 թվականի փետրվարին (հինգ եղջերու)․
3. 2020 թվականի նոյեմբերին (վեց եղջերու):
Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն ունեցել նաև է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
«Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին՝ վերոնշյալ ծրագիրը բարեհաջող իրագործելու համար և վստահեցնում, որ հետագա աշխատանքները կկազմակերպվեն բարեխղճորեն և հավուր պատշաճի։