44 օրյա պատերազմի հերոսներից է Կամո Վլադիմիրի Զաքարյանը։ Ավագ լեյտենանտը հյուսիսային ուղղությամբ թշնամու երկու տանկ է ոչնչացրել։
Նույն ուղղությամբ Գևորգ Հրայրի Խաչատրյանն էլ ականապատել է տեղանքն ու միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները։ Ավագ լեյտենանտի արիության շնորհիվ յուրային ուժերը կարողացել են արգելափակել թշնամու առաջխաղացումը:
Հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ ոչ պակաս հերոսական արարքով աչքի է ընկել շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը։ Թշնամու կրակային կետերի խոցումն էլ կազմակերպել է կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը։ Հրետանու կրակը հմտորեն կառավարել, ճշգրիտ տվյալներ է տվել ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը։
Նորօրյա հերոսներից են նաև պաշտպանության բանակի հրետանավորները։ Կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանն արդյունավետ ղեկավարել են կրակն ու խոցել հակառակորդի կրակակետերը, մարտկոցները։
Պատերազմի դաշտում կրակի տակից վիրավորների ու զոհերին տարհանել են ու հերոսությամբ աչքի ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը: Մայոր Արտակ Սամվելի Գևորգյանին, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանին ու Արման Աշոտի Մուրադյանին էլ հակառակորդի հրետակոծությունը չի խանգարել որ վիրահատություններ կատարեն ու փրկեն բազմաթիվ կյանքեր։