Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հայտնել էր ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն: «Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, որոնք բախվել են Թուրքիայի իսլամական զավթողականությանը»,- Թվիթերում գրել էր քաղաքագետը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությամբ, այս պահին պահպանվում են՝ նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ջոնաթան Հոֆմանի խոսքով՝ ամերիկյան կողմը ողջունել է իրադարձությունների նման զարգացումը:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ օգնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով սնունդ, հիգիենայի, բուժօգնության և ձմեռվա համար նախատեսված պարագաներ:
Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն էլ ապահովում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 60 միլիոնը: Միայն վերջին մեկ օրում աշխարհում 540 հազար մարդ է վարակվել Քովիդ 19-ով: Մինչև օրս աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է գրեթե մեկ ու կես միլիոն մարդ: Հիվանդացության, մահվան և անցկացված թեստերի քանակով առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ Բրազիլիան։ Առողջապահության համաշխարհայի կազմակերպությունն էլ հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի դրական դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4 միլիոնով, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Վարակման դեպքերի նվազման միտում է նկատվում Եվրոպական տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում, միևնույն ժամանակ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում անցած 7 օրում դիտվել է ինչպես վարակման, այնպես էլ մահվան դեպքերի տեմպի ավելացում։