Կրոնական ազատության հարցերով ամերիկյան պետքարտուղարության պատասխանատու Սեմ Բրաունբեկը հեռախոսով ասուլիսին պատմում է, որ երբ պատերազմի ակտիվ փուլում հարվածի տակ հայտնվեց Շուշիի հայկական տաճարը, իրեն զանգել էր Ադրբեջանի դեսպանը։
Սեմ Բրաունբեկ (Կրոնական ազատության հարցերով դեսպան) - «Երբ կրոնական ժառանգության վայրերից մեկը ռմբակոծվել էր, Ադրեբեջանի դեսպանն էր ինձ զանգահարել՝ ասելով, որ դա պատահականություն էր, նպատակային չէր։ Հետո վերջնական խոսք իրենցից այդպես էլ չեմ լսել, բայց իհարկե շարունակելու ենք Ադրբեջանին և ներգրավված մյուս կողմերին կոչ անել պահպանելու կրոնական սրբավայրերը»։
Մինչ Բրաունբեկը կոչ է անում՝ ադրբեջանցիները շարունակում են պղծել ու քանդել Արցախի քրիստոնեական սրբավայրերը։ Պետքարտուղարության հետ հայկական ժառանգության թեմայով քննարկում է ունեցել հայկական կողմը։
Սեմ Բրաունբեկ - <Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերի պաշտպանության թեման կրոնական ազատության դաշինքի հանդիպմանը բացեց Հայաստանի դեսպանը։ Նա ասաց, որ հավատացյալները պետք է մուտք ունենան դեպի սրբավայրեր։ Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»։
Նորվեգացի պաշտոնաթող դիվանագետ Ստեյնար Հիլը լավատեսության շատ հիմքեր չունի։ Մոտ 15 տարի առաջ նա Բաքվում Նորվեգիայի դեսպանն էր ու հայկական ժառանգության հետ կապված շատ բան է տեսել։
Ստեյնար Հիլ (Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան (2002-2006)) – «Ես բավական ճամփորդել եմ Ադրբեջանում, տեսել եմ եկեղեցիներ, որոնց մեծ մասը բավական հին էին։ Ադրբեջանցիները մեզ շարունակ ասում էին, թե դրանք բոլորն Աղվանքի եկեղեցիներն են եղել։ Ես իհարկե գիտեի, որ եկեղեցիներից շատերը կամ հիմնական մասը հայկական էին, գուցե որոշ թվով շատ հին տաճարներ միայն աղվանական լինեին»։
Ադրբեջանի Նիջ բնակավայրում, որ Արցախից hյուսիս-արևելք է, Նորվեգիայի մարդասիրական ընկերությունը 2004-ին նորոգում էր եկեղեցի, որի պատերին հայերեն տեքստեր էին փորագրված։ Տեղացիները քրիստոնյա ուդի ազգային փոքրամասնությունից էին։ Նրանք խոստացել էին, որ հայերեն տառերը կնման, բայց ուրիշ բան ստացվեց։
Ստեյնար Հիլ - «Հունվարի սկզբին ինձ զանգահարեցին և ասացին, որ հայերեն տողերը ջնջվել էին։ Հարցը բարձրացրինք ադրբեջանական կառավարության առաջ։ Խոստացան հետաքննել, բայց ոչինչ չձեռնարկեցին։ Ես գնացի Նիջ, ուսումնասիրեցի։ Հայերեն տառերը սրբել էին, որոշ տեղերում միայն ուրվագծեր էին մնացել»։
Խաչապաշտ ուդիները նման բան չէին անի, իսկ ադրբեջանական կառավարությունն էլ, ինչպես և սպասելի էր, որևէ քննություն չանցկացրեց, ոչինչ էլ չբացահայտեց։ Փոխարենը կրկին հայտարարեցին, թե եկեղեցին իբր հայկական չէր, այլ աղվանական։ 2005ի մայիսին Նիջի տաճարի վ երաբացմանը Ստեյնար Հիլը միտումնավոր չգնաց։ Նաև այնպես արեց, որ այլ պետությունների դեսպաններ նույնպես, ցուցադրական ձևով չգնացին։ Նորվեգական մարդասիրական ընկերությունն էլ ի նշան բողոքի Ադրբեջանում այլևս ծրագրեր չարեց։ Այսօր երբ Բաքուն կեղծ հավաստիացումներ է անում՝ Նիջի եկեղեցու ճակատագիրը գալիս է փաստելու, որ հայկական ժառանգությունն ավերելը հարևան երկրում արդեն տարիների պատմություն ունի։