Այս ու մի շարք այլ լուսանկարների հեղինակը, հիշարժան պահերը հավերաժացնողը՝ Զավեն Սարգսյանը, կյանքից հեռացավ 73 տարեկանում: Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարչի ու թանգարանի հիմնադիր տնօրենի աշխատասենյակում խորհրդավոր լռություն է. սեղանին իր նկարած լուսանկարի այս պատճենն է, որն ընտրել էր Փարաջանովի ընկերների հուշերը ներկայացնող ապագա գրքի շապիկի համար: Աշխատակիցների խոսքով՝ օր ու գիշեր աշխատում էր, որ այդ գիրքը լույս տեսնի:
Իրինա Աբրահամյան (Սերգեյ Փարաջանովի թանգարանի էքսկուրսավար) - էս էր իր տունը, ինքը երբեք տուն չէր շտապում, ժամը 5-ին, որ մենք պատրաստվում էինք, ինքը մնում էր, էլի աշխատում, ինքը միշտ էր աշխատում, ամսի 3-ին ինքը գործի է եկել, ու մենք միասին էլի գործ ենք արել:
Փարաջանովի թանգարանի աշխատակցի խոսքով՝ թանգարանը Զավեն Սարգսյանի համար մի ուրիշ աշխարհ էր, կարծես իր տիեզերքը լիներ, որտեղ ինքն իրեն լիարժեք էր զգում:
Մարիաննա Մանուչարյան (Սերգեյ Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ) - Մարդ, ով 90-ականներին, երբ գտնվում էինք սոցիալ-տնտեսական, պատերազմական իրավիճակում, արեց ամեն ինչ, որ այս թանգարանը հիմնադրվի, որպեսզի այս շենքի կառուցումը հասնի իր ավարտին, և Փարաջանովի գործերը գտնեն իրենց վերջնական հանգրվանը հենց իր պատմական հայրենիքում:
Պատմում են՝ իր կյանքի ամեն օրը նա նվիրեց Փարաջանովի ստեղծագործությունների պահպանմանն ու հանրայնացմանը, շուրջ 65 ցուցահանդես կազմակերպեց աշխարհի ավելի քան 35 երկրում:
Մարիաննա Մանուչարյան - Ինձ համար պարոն Սարգսյանը բարության մարմնացում էր, մարդ, որ մեզ ևս միշտ, երբ ինչ-որ հարցում չարանում էինք կամ ըմբոստանում, ինչ-որ հարցից նեղվում էինք, ասում էր՝ մի՛ կորցրեք ձեր լավատեսությունն ու բարությունը, որովհետև ձեր մեջ կուտակվող չարը առաջին հերթին ձեզ է վնասում:
Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, սիրել է լուսանկարել հայկական պատմամշակութային ժառանգությունը, բազմիցս եղել Արևմտյան Հայաստանում: Աշխատակիցները պատմում են՝ լուսանկարչական ապարատը միշտ իր հետ է եղել. սիրել է ֆիքսել պահն ու անմահացնել կերպարների:
Անահիտ Միքայելյան (ցուցադրության կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ) - Տոնինո Գուերան է, իտալացի սցենարիստ, քանդակագործ, Սերգեյ Փարաջանովի ընկերը, ով նաև պարոն Սարգսյանի լավագույն ընկերներից էր, և այս լուսանկարը պարոն Սարգսյանն է արել:
Սարգսյանը թեյի սիրահար է եղել ու սովորություն է ունեցել այս բաժակներով թեյ խմել ու զրուցել թանգարան այցելող արվեստի, կինոաշխարհի հյուրերի հետ: Այս տարեսկզբին «Լուրերի» հետ զրույցում Զավեն Սարգսյանը ուրախությամբ շեշտում էր, որ տոնական օրերին ու հատկապես Փարաջանովի ծննդյան օրը թանգարանն այցելուների պակաս չի ունեցել:
Զավեն Սարգսյան - Եվ մենք զգացինք, թե ինչ հզոր բան է տուրիզմը ու մշակույթը: Երկրներ կան, գիտեք, հսկայական գումարներ, միլիարդներ են աշխատում, մենք ունենք, չէ՞, ցույց տալու բան ունենք, թանգարանը դա հարուստ երկրի բան է:
Անահիտ Միքայելյան - Թանգարանը, կարծես, նրա երրորդ զավակը լիներ, ու օրնիբուն նա ամեն ինչ անում էր, որ թանգարանն ավելի ու ավելի հայտնի դառնա, ամեն մի թանգարանային առարկայի ձեռքբերումը իր համար ուրախություն էր:
Աշխատակլիցները վստահ են՝ հայկական մշակութային արժեքներ ներկայացնող նրա լուսանկարները դեռ շատ սերունդների կփոխանցվեն ու ճաշակ կձևավորեն: