Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը նիստի մտքերի փոխանակման ժամին անդրադարձավ Երևանում ապաստարանների ու թաքստոցների խնդրին:
«Կներե՛ք, տղե՛րք, մենք պարտվեցինք այս անգամ: Սակայն պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր: Երբ այդ ապաստարանները սեփականաշնորհվեցին չգիտես ինչպես ու չգիտես՝ ում թեթև ձեռքով ու մտքով որոշվեցին, որ դրանք այլևս մեզ պետք չեն գա»,- նշեց ավագանու անդամը:
Անտոնյանը նշեց, որ մենք շարունակում ենք պարտվել, քանի որ այդ մարդիկ իրենց բաժին պատասխանատվությունը չեն կրել մինչ օրս:
«Մենք պարտվել ենք դեռ այն ժամանակ, երբ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանից ներկայացվում էին փաստաթղթեր, իբրև թե երևանցիների 90 տոկոսը ապահովված է թաքստոցներով, և ցանկացած ռմբակոծության դեպքում երևանցիները պաշտպանված են ռմբակոծությունից»,- նշեց ավագանու անդամը՝ լրագրողներին խնդրելով տարբեր վարչական շրջաններում շրջել ու մարդկանցից տեղեկանալ, թե քաղաքացիները ինչ պետք է անեն օդային տագնապի դեպքում և որտեղ պետք է թաքնվեն:
Ավագանու անդամը խնդրեց առավել մեծ ուշադրություն դարձնել մետրոյի կայարաններին և գետնանցումներին, մուտքերն ու ելքերն ամբողջությամբ ազատել ավելորդություններից: