Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է նաև բացատրական աշխատանք։
Արդյունքում՝ Գյումրիի 46-ամյա մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես և նույն տրամաչափի 150 փամփուշտ։ Քաղաքացու հայտնածով՝ զենք-զինամթերքը ստացել է օրեր առաջ` Արցախում։
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 34-ամյա մի բնակիչ էլ նոյեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ զենք-զինամթերքը բերել է Արցախից։
29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, ինչպես և պահունակների պայուսակ։ Նրա հայտնածով՝ դրանք բերել է Արցախից։
52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով. նրա հայտնածով՝ նռնակը բերել է Արցախից։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Բացատրական աշխատանքները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: