Աշխարհում կորոնավիրուսային համաճարակի, միջազգային համագործակցության խորացման և տնտեսական թեմաներից բացի, Ռուսաստանի նախագահը, հավատարմագրերը նոր հանձնվող դիվանագետների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձավ Արցախի թեմային:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ)- Այժմ տարածաշրջան ուղարկված ռուսական խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին ու մարդասիրական բեռները: Ընդհանուր իրավիճակը կայունացել է: Աշխատանքն է սկսում Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ ու բնականոն կյանքի համար պայմանների ստեղծմամբ: Ակնկալում եմ այս ջանքերին մասնագիտացված միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությունը:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հրադադարի պայմանագիրը նախադրյալներ է ստեղծում ձգձգված հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար՝ արդար հիմքի վրա և ադրբեջանցի ու հայ ժողովուրդների շահերից ելնելով:
Շահերի մասին․ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընգծել է՝ հրադադարի պայմանագիրը բացում է նաև տնտեսական լուրջ հեռանկարներ տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար)- Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում՝ ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների՝ ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն: Այժմ, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիները, կարծում եմ, այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն:
Լավրովը շեշտել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած բոլոր պարտավորությունները կատարվում են: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ակտիվորեն և հնարավորինս սեղմ ժամկետում իրականացրել են իրենց առաքելությունը, սերտորեն համագործակցում են հայկական և ադրբեջանական համայնքների հետ և օգնում են լուծել հումանիտար խնդիրները: Ռուսաստանը, ըստ նրա, առաջիկայում Կարմիր խաչի առաքելության ընդլայնման համար կտրամադրի 2 միլիոն եվրո: Լավրովը նաև կարևորել է Արցախում միջազգային կառույցների ակտիվացումը, որն ըստ նրա՝ կնկատվի առաջիկայում:
Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում զեկուցել է նաև Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը:
Իգոր Կոնաշենկով (ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ)- Ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթուցիկ առարկա: Ռուսաստանի ինժեներատեխնիկական ստորաբաժանումների զինվորականները շարունակում են համագործակցել Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների հետ՝ իրականացնելով փողոցների մաքրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Ռուս խաղաղապահների պարեկները ապահովում են սննդի և խմելու ջրի անվտանգ առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրեր:
Կոնաշենկովը տեղեկացրել է, որ մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 1895 տեղահանված։ Մինչև հիմա, ըստ պաշտոնյայի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 13 հազար արցախցի արդեն վերադարձել է բնակության նախկին վայրեր: