Արմատներով սասունցի Աշնակի տղամարդիկ նախնիներից նաև կռվելու արվեստն են ժառանգել: Երկրորդ համաշխարհայինից դեռ աշնակցիները ռազմիկի լավ համբավ ունեն: Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում նրանց մասին պատմությունները հերոսական են: Տիկին Արևիկը որդուն վերջին մարտերի ժամանակ է կորցրել, ամեն օր այցելում է շիրիմին. գյուղի հուշահամալիրում է: Այսօր երկար է մնացել, սպասում է ծառատունկին: Աշնակում 100-ից ավելի եղևնի է տնկվում՝ ի հիշատակ զոհերի:
Արևիկ Պապոյան (Աշնակ համայնքի բնակիչ) - Անպայման հիշում են, կռված, զոհված տղաներին հիշում են: Հանուն հայրենիքի են զոհվել, հանուն հայրենիքի...
Գյուղից 2 զոհ ու 2 վիրավոր ունեն: Ժորան էլ գյուղի ազատամարտիկներից է: Կռվել է Հադրութում ու Շուշիում: Վերադարձել է ու որոշել ծառատունկ կազմակերպել:
Ժորա Սափեյան (Աշնակ համայնքի բնակիչ) - Չի կարելի միշտ նստել ու լացել, պետք է առաջ գնանք, թեկուզ այս մի փոքր ծառատունկով պետք է մեր երկիրը շենացնենք:
Գյուղում արդեն 4000 ծառ տնկած Ժորան այս 100-ին հատուկ աչքով կնայի, եղբայրների ու ընկերների համար է: Որոշել է գյուղի պատանիներին էլ ներգրավել: Ասում է՝ թող հայրենիքի պաշտպանության համար կյանք տված տղաներին միշտ հիշեն:
Նարեկ Գրիգորյան (Աշնակ համայնքի բնակիչ) - Դպրոցական են, բայց նրանց ոգին շատ բարձր է, սասունցիական գյուղ է Աշնակը: Ծնողն ինչպես դաստիարակում է, երեխան այդպես էլ մեծանում է, հոգում կա, ծնված օրվանից ու այսօր մեր տղաները՝ դպրոցական թեկուզ, բարձր են պահում մեր զոհվածների հիշատակը:
Սասուն Ֆահրադյան (Աշնակ համայնքի բնակիչ) - Բնականաբար, մեր սերունդներին կփորձենք տալ այն ոգին, որ մենք ենք ստացել մեր ծնողներից, որ հայրենիքն ամենակարևորն է մեր կյանքում, ու եթե պետք է՝ արյունով էլ պիտի պաշտպանենք, ամեն բան անենք, որ հզոր լինի բանակը:
Սասունը վստահ է, իր բոլոր ընկերներն են նույն կերպ մտածում ու առաջնորդվում: Դեռ չափահաս չեն, զենք չեն վերցրել, բայց իրենք էլ բոլոր 45 օրերին բանակի ու զինվորի կողքին են եղել՝ թիկունքում: Աշնակն այնքան էլ հարուստ չէ բուսականությամբ, տնկածդ պարտավոր ես խնամել: Շուտով կանաչ եղևնիները վեր կխոյանան՝ ազդարարելով հերոսների անմար հիշատակը: