Հացադուլ, օր երկրորդ: Երրորդ գործիչն է միացել է վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլին: ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը կառավարության դիմաց՝ ծառին, ամրացնում է պահանջի պաստառը:
Սա պահի, հուզմունքի տակ կայացրած որոշում չէ՝ ասում է, սրա մասին երկար է մտածել, համոզվել: Կառավարության ղեկավարին մեղադրում է սահմանադրական կարգի տապալման մեջ:
Կիմ Բալայան (ՍԴ նախկին անդամ) - Սահմանադրության 116-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ բան է միջազգային պայմանագիրը. բացի հրադադարի կետից, մյուս բոլորը պարտավոր էին կնքել Սահմանադրության համաձայն:
Պարտված ղեկավարը չի կարող լավ բանակցող լինել: Հացադուլի երկրորդ օրն անցկացնող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքն անփոփոխ է: Եթե ամեն քաղաքացի բողոքի ձայն բարձրացնի, վայրկյան առաջ կմոտեցնի իշխող ուժի հրաժարականը:
Գեղամ Մանուկյան (ՀՅԴ անդամ) - Սա ուղղակի մեկ մարդու հավանել-չհավանելու, նրա հեռացման կամ պատասխանատվության հարց չէ միայն, այլ վայրկյան առաջ մեր երկրի, Արցախ աշխարհի անվտանգությունը զորացնելու:
- Իսկ այս ընթացքում որևէ մեկը մոտեցա՞վ ձեզ, ձեր խնդիրը լսե՞ց:
Գեղամ Մանուկյան - Եթե իշխանությունների մասին է խոսքը՝ ոչ, որովհետև գիտեն՝ իրենք այլևս Օլիմպոսի բարձունքին են:
Փոխարենը, ասում է՝ բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, մշակութային գործիչներ ամեն օր մոտենում, զորակցում են:
Գեղամ Մանուկյան - Որոշները խնդրում են, ասում են՝ չարժե այսպիսի քայլի գնալ, բայց մենք մեր որոշման տերն ենք:
Որոշման տերն է նաև դաշնակցական Գարիկ Ավետիսյանը: Նա առաջինը սկսեց հացադուլը: Կոչ է անում մտավորականությանը միանալ պայքարին:
Գարիկ Ավետիսյան (ՀՅԴ անդամ) - Աջակցել այս հանրային ճնշումը ավելի լսելի դարձնելուն:
Կառավարության դիմաց հացադուլը շարունակվում է: