Դեռ գարնանը՝ կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կոչ արեց հանդես գալ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման առաջարկներով: Գաղափար-հայտերի քանակը սպասվածից ավելի էր: Մրցույթով ընտրվեց լավագույնը, և այսօր արդեն հայկական արտադրության շնչառական սարքն իրականություն է:
Թոքերի արհեստական շնչառության սարքի առաջին մակետային նախատիպն է՝ կազմված «Նասայի» «Ջեյ-փի-էլի» կողմից առաջարկված էլեկտրոնիկայի հանգույցներից: Պատրաստվել է այնպես, որ սարքի ղեկավարման նրբություններն ու արտաքին տեսքը ծանոթ լինեն բուժանձնակազմին:
Գուրգեն Մարդոյան («YEA ENGINEERING» ընկերության տեխնիկական տնօրեն)- Ցանկալի չէ, որ բուժանձնակազմը զրոյից սովորի, թե ինչ նոր բաներ պետք է անել:
Նմուշի նախագծման և հավաքման համար զուգահեռ աշխատել է 20-ից ավելի ինժեներ: Աշխատանքներն սկսել են գարնանը, երբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, համավարակով պայմանավորված, կոչ արեց հանդես գալ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման առաջարկներով: Նախարարությունը 280 գաղափար-հայտ էր ստացել:
Արփի Աբրամյան (ՀՀ ԲՏԱ նախարարության ինովացիոն ծրագրերի համակարգող)- Գաղափար առաջացավ՝ ԲՏԱ նախարարությունն աջակցի առողջապահության նախարարությանը, և ունենանք ներքին արտադրանք։ Թոքերի արհեստական սարքերի գաղափարը կառավարությանը ներկայացվեց և հավանության արժանացավ:
Թոքերի արհեստական շնչառության սարքերի մրցույթի անցկացումը վստահվել էր Ինժեներական ասոցիացիային: Հաղթած ընկերությանը կառավարության որոշմամբ 90 մլն դրամ է հատկացվել՝ նախագծման, մակետային նախատիպի մշակման, լաբորատոր փորձարկման համար: Հաղթած ընկերությունը լիցենզիա է ստացել «Jet պրոպոլշն» լաբորատորիայի կողմից` մշակելու և արտադրելու կորոնավիրուսի բուժման դեմ կիրառվող թոքերի արհեստական օդափոխման սարքեր։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրից 330 ընկերություն էր դիմել, որոնցից միայն 28-ին է հաջողվել ստանալ արտոնագիր:
Արփի Աբրամյան- Պահանջներից ելնելով՝ հաղթող կազմակերպությունը պետք է անցկացներ թեստավորում, ունենար լիցենզավորում, ստանար ամբողջական մի սարք, որը կապահովեր առողջապահության կանոններին համապատասխան անվտանգություն:
Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը փորձարկումների վերջին փուլում է: Մանրակրկիտ իրականացրել են ֆունկցիոնալ չափորոշիչների մշակումը, շտկել տեխնիկական պահանջների ցուցակը:
Սարքն անցնում է լաբորատոր թեստավորում՝ օգտագործելով թոքերի մոդելը: Սա թույլ է տալիս տարբեր տեսակի վարքագիծ համադրել, մոնիթորինգ անել ճնշումը, հոսքը և օդի ծավալը: Հաջորդ քայլը կլինիկական թեստավորումն է՝ համոզվելու համար, որ սարքը 100 տոկոսով անվտանգ է:
Գուրգեն Մարդոյան- Երբեմն մեխանիկական ազդեցությամբ սիմուլացնում ենք:
Սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին։ Նախատեսվում է պատրաստել հինգ նմուշ, հետո՝ փաստաթղթերի ձևավորման ամբողջական փաթեթ: