Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իրադարձություններին:
Խաժակյանը նշեց, որ Երևանի ավագանու անդամները պետք է դիրքորոշում արտահայտեն երկրում տեղի ունեցող իրավիճակների, իշխանության ու վարչապետի նկատմամբ, որը երկիրը «վթարի ենթարկեց», և յուրաքանչյուրն իր մասով պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը, որի համար կան իրավական մեխանիզմներ:
«Այդ մեխանիզմներից մեկը «Երևան քաղաքում տեղական իննքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դրույթն է, որ ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ և այլն:
Մենք ներկայացնելու ենք ավագանու ուղերձի նախագիծ, որը ենթադրելու է, որ Երևանի ավագանին՝ որպես հավաքական մարմին, համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է կառավարությանն ու վարչապետին»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ուղերձում կոչ են անելու վարչապետի հրաժարականի: