Երևանի ավագանու որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին:
Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը նշեց. «Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու են Երևանի քաղաքապետի որոշմամբ»:
Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 կողմ ձայնով: