Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսների:
Նիստը նախագահում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստին ներկա չէ հիվանդության պատճառով:
Սարգսյանը մինչ օրակարգին անցնելը տեղեկացրեց, որ ավագանու կազմում կան փոփոխություններ:
«Տեղեկացնում եմ, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- ասաց Սարգսյանը:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ ավելացրեց, որ նիստի մեկնարկից առաջ գրությամբ դիմել են քաղաքապետին՝ հրաժարվելով քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովում փոխնախագահի իրենց հաստիքից: