Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը Երևանի ավագանին նվիրաբերեց Ստեփանակերտին։ Միաձայն կողմ քվեարկեցին ու պահուստային ֆոնդից գումարը հատկացրեցին պատերազմից տուժած Արցախի մայրաքաղաքին՝ ամենահրատապ՝ կոմունալ տնտեսության խնդիրները լուծելու համար։ Արցախին օգնելու որոշումը կայացվել էր դեռևս 10 օր առաջ՝ քաղաքապետ Մարությանի ու նախագահ Հարությունյանի հանդիպման ժամանակ։
Գումարի հատկացումը չի նշանակում, թե տոնական միջոցառումները չեն լինելու՝ 100 միլիոնն ամանորի բյուջեի մի մասն է՝ պարզաբանում է Սարգսյանը։ Բայց թե ինչպես Երևանում կնշվի 2021-ի գալուստը, քաղաքապետարանում դեռ չեն որոշել։
Նիստը փոխքաղաքապետն էր վարում՝ Մարությանը կորոնավիրուսով հիվանդ է։ Ավագանու «Իմ քայլի» 57 անդամներն այսօրվանից դարձան 56-ը՝ խմբակցությունը լքեց, բայց մանդատը վայր չդրեց Իզաբելլա Աբգարյանը՝ նա որպես անկախ ավագանի կաշխատի։
Ընդդիմադիր «Լույսն» էլ հենց սկզբում ստեղծված իրավիճակից խոսեց։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քննադատելով «Իմ քայլին», հայտարարեց՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն պիտի ստանձնի նաև ավագանին ու իր դիրքորոշումն արտահայտի իշխանության, հատկապես Փաշինյանի նկատմամբ։ Այդ նպատակով իրենք այսօր ներկայացնելու են ավագանու ուղերձի նախագիծ, որը արտահերթ նիստում պետք է դրվի քվեարկության և հաստատվելու դեպքում ներկայացվի գործադիրին։ Խաժակյանը պնդում է՝ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է երկրի կառավարումը, և պատերազմում պարտված վարչապետը պետք է հրաժարական տա։
Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար) - Սա հնարավորություն է մեր դիրքորոշումը արտահայտելու այն վիճակին, այն մեկ անձին, ում դուք սատարել եք, ում դարձրել եք վարչապետ, շարունակել եք իր ձախողումները արդարացնել, և հիմա կա հնարավորություն՝ այդ ամենը շտկելու։
Խաժակյանի ելույթից հետո փոխքաղաքապետն արձագանքեց՝ խնդրեց պահել կարգն ու օրակարգից դուրս թեմաներին անդրադառնալ ելույթների ժամին։ Ընդդիմությունից արձագանքեցին՝ ավագանու ելույթը գրաքննելու իրավունք չունեք, Սարգսյանն էլ հիշեցրեց՝ կանոնակարգ օրենքը փոփոխվել է այդ նպատակով։
Վերադառնալով օրակարգի հարցերին՝ «Իմ քայլից» ավագանու անդամը գերակա շահից տուժածներին օգնելու նախագիծ է բերել։ Տարբեր տարիներին կենտրոնում իրենց տունը կորցրած քաղաքացիները, որոնք որպես փոխհատուցում վարձակալությամբ հողատարածք են ստացել քաղաքի մյուս հատվածներում, այն սեփականաշնորհելու համար պետք է վճարեին կադաստրային արժեքից երեք անգամ ավելի բարձր գին։ Սա ոչ միայն հավելյալ ֆինանսական բեռ է, այլև ոչ արդար մոտեցում է քաղաքացու նկատմամբ՝ նկատում է Արմեն Կոտոլյանը։
Այս փոփոխությամբ գերակա շահից տուժածներն ազատվում են գործարքի համար երեք անգամ ավելի վճարելուց։ Կոտոլյանը սակայն այդ մարդկանց կոչ է անում շտապել՝ այժմ գործող գները մինչև հունվարի 1-ն են ուժի մեջ, դրանից հետո նոր օրենքով՝ կադաստրային արժեքը համապատասխանեցվելու է գույքի շուկայական գնին։