Հորդանանի հայ համայնքի հետ նախագահի հանդիպումը սկսվել է աղոթքով:
Համայնքը հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին: Այս դժվարին օրերին Հորդանանի համայնքը նույնպես ձգտել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի հայրենակիցներին: Հիմա միասնական, ուս ուսի գործելու ժամանակն է՝ ասում է վարդապետը: Նախագահն էլ հավելում է. դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելն է։
Անկեղծ քննարկում անցկացնելու նախագահին կոչին հայ համայնքն արձագանքում է. ի՞նչ է լինելու հինգ տարի անց:
Հակոբ Սերպեքյան (Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչ) - Պետք է միանանք, հզոր ըլլանք, միայն բարեկամներուն չպետք է վստահենք:
Նախագահը ճգնաժամից ելք տեսնում է:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Առավոտից գիշեր պետք է աշխատենք առանց կանգնելու, բոլորս միասին։ Եթե չենք աշխատելու, իրար ենք հայհոյելու, սպասելու ենք, որ ինչ-որ մեկը գա, պաշտպանի… Եթե պատրաստ չես, ամենամոտիկ բարեկամն էլ քեզ չի պաշտպանի, որովհետև ինչու պետք է պաշտպանի, եթե ինքդ չես ուզում պաշտպանել։ Իսկ դրա համար շատ էական է ազգային միասնությունը։ Սա այս պահին ուղղակի անհրաժեշտություն է։
Ակնհայտ է. հաջորդ պատերազմն արդեն լինելու է այնպիսի անօդաչու սարքերով, որ արհեստական բանականությունն է կառավարելու։ Դրան պետք է պատրաստվենք կրթությամբ: Իսկ առկա ճգնաժամի լուծման ճանապարհը սահմանադրական է:
Արմեն Սարգսյան - Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը՝ ասել է նախագահ Սարգսյանը։ Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական և ամենակարևոր խնդիրների լուծմանը։
Հորդանանի հայերը մասնակցել են նաև տեղեկատվական պայքարին, ասում են՝ այստեղ տեղյակ չէին խնդրից:
Դիվանագիտությունը կարող է օգնել. Հորդանանի և հարևան Իսրայելի օրինակն են բերում հայ համայնքում: