Առայժմ միայն պատերազմում զոհվածների ընտանիքների ֆինանսական աջակցությունն է սկսված: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամեն շաբաթվա նիստում մի քանի տասնյակ նոր անուն է հաստատում, շահառու ճանաչում նահատակված տղաների ծնողներին, կնոջը կամ երեխաներին: Որպեսզի սգի մեջ մարդիկ ստիպված չլինեն փաստաթղթեր հավաքել, այդ գործը դրվել է ՏԻՄ-երի վրա՝ տեղեկացնում է կառույցի ղեկավարը:
Վարուժան Ավետիքյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ընտանիքները պետք է դիմեն Երևանում վարչական շրջան, մարզերում՝ համայնքապետարան կամ մարզպետարան՝ իրավաբանական բաժին...
Ըստ Ավետիքյանի՝ եթե ընտանիքը չդիմի, ասենք՝ Ռուսաստանում գտնվելու պատճառով, հիմնադրամն ինքը կգտնի շահառուին: Դրամական աջակցության չափը կախված է՝ սպա, ժամկետային, թե այլ կոչում են ունեցել զինծառայողը կամ կամավորը:
Վարուժան Ավետիքյան - Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած զինծառայողին տրամադրում ենք 10 մլն և 20 տարի շարունակ վճարում ենք 200-300 հազար դրամ հատուցում...
Երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց փոխհատուցումը 5 մլն դրամ միանվագ վճարն է և 100-200 հազար՝ 20 տարվա ամսական հատուցումը: Երեք և ավելի երեխա ունենալու դեպքում շահառուն ամեն ամիս կստանա լրացուցիչ 100 հազար: Հաշմանդամ դարձած և անհետ կորած տղաների հատուցումը հիմնադրամը դեռ չի սկսել, քանի որ բուժման ու իրավական գործընթացները դեռ շարունակվում են: Նաև այդ պատճառով է, որ կառույցի խորհրդի նախկին անդամի գնահատականը, թե այս պատերազմի պատճառով մոտ 8000 շահառու կլինի՝ Վարուժան Ավետիքյանը ոչ հստակ, մոտավոր կանխատեսում է համարում:
Վարուժան Ավետիքյան - Թվերը որ մի քանի հազար է, փաստ է, բայց հստակ թիվ չեմ կարող ասել: Փաստ է նաև, որ 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի այս ամբողջը փոխհատուցել...
Դրա համար աշխատավարձից գանձվող 1000 դրամը 3000-ի հասցնելու նախագիծ կա, «մեկը երկու դարձնելու» ծրագրով էլ՝ հիմնադրամը գործատուների հետ փորձում է կրկնապատկել մարդկանց վճարումները: Հայաստանում ու Սփյուռքում կազմակերպվող բարեգործական ակցիաներից գումարներ ընդունում: Նվիրատվություններն ակտիվացնելու համար երկու օր առաջ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել:
1000+-ի կայքում նվիրատվության համար առանձնացվել է նույնիսկ «Ի հիշատակ» կոճակը՝ փոխանցելու գերեզման չուղարկվող ծաղկեփնջի փողը: Նաև՝ «Ի պատիվ»-ը՝ խնդրանք՝ ծննդյան նվերի գումարը հիմնադրամին վճարելու համար: Կյանքը, առողջությունը հայրենիքի ու ապրողներիս համար չխնայած տղաների ընտանիքներին օգնել՝ բոլորս ենք պարտավոր: