Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Պատերազմի պատճառով մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
«Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում է, իսկ փրկարար ծառայողներն այս ծանր ու դժվար օրերին Արցախում իրենց մարդասիրական առաքելությունն են կատարում: Մենք պարտավոր ենք աջակցել այդ ընտանիքներին» - ընդգծել է ծառայության տնօրենը:
Կարեն Սարգսյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամի անձնակազմին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, Արցախի փրկարար ծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերած հոգատարության և աջակցության համար: