Ժողովու՛րդ, տարածեք, խնդրում եմ, փնտրում եմ որդուս, մեկ ուրիշը՝ եղբորը, մյուսն՝ ամուսնուն․ այս գրությամբ տեսանյութերը վերջին օրերին սոցիալական ցանցերում ամենաշատ հանդիպողն են:
20-30, անգամ՝ 40 օրով ծնողները՝ որդիներից, կանայք՝ ամուսիններից, հարազատ եղբայրներից, բարեկամներից, որ սահմանում են եղել, լուր չունեն:
Ցանկացած՝ նույնիսկ վատ լուրի սպասումով, անհետ կորածների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության դիմաց են․ քայլե՛ր ձեռնարկեք՝ պահանջում են:
Պաշտպանության նախարարությունից՝ Ռուսաստանի դեսպանություն: Եղբորից, եղբոր որդուց ամսով լուր չունեցող այս տղամարդը, անհետ կորածների, գերիների, հարազատները նամակ են ուղղում դեսպանին փոխանցելու համար Ռուսաստանի ղեկավարին․ օգնեք՝ գտնենք մեր հարազատներին՝ խնդրում են:
Քիչ անց հարազատներին ընդունում է Հայաստանում Ռուսաստանի հյուպատոսը, հավաստիացնում՝ այսօր իսկ նամակը հասցեատիրոջը կհասնի:
Մեկ այլ քաղաքացու ձեռքին՝ կառավարության դիմաց նամակ է՝ ուղղված Հայաստանի վարչապետին: Տվյալներ ունեն, որ 34 հոգի ողջ են, չգիտեն՝ որտեղ են:
Մյուս դեպքում՝ այս կնոջ ամուսնու հեռախոսը վերջին անգամ հասանելի է եղել նոյեմբերի 12-ին:Կնոջ նամակները տեղ են հասել, պատասխան չի ստացել: Գուցե գերի է, ողջ է:
Կառավարությունից անհետ կորածների հարազատներին ընդունում է վարչապետի օգնականը: Փակ դռներից այն կողմ գաղտնի քննարկում է: Կառավարությունը երեկ որոշել է անհետ կորածների խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել: Վարչապետը հանդիպել է հարազատների մի մասին, առաջարկել՝ նրանց ներկայացուցիչներն ընդգրկվեն աշխատանքային խմբում: