Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին և Սարգսյան ընտանիքին՝ տիկին Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
«․․․Հոգելույս տիկին Ռիտա Սարգսյանը բարի սրտով, ազնիվ նկարագրով, անկեղծ հավատքով տոգորված ազգասեր հայուհի էր, հոգատար կին և մայր, մեր ժողովրդի նվիրյալ զավակ։ Նա զորակից ու աջակից եղավ Ձեզ Ձեր պատասխանատու առաքելության մեջ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, Ձեզ հետ ամբողջապես կիսեց դժվարությունները արցախյան պատերազմի, ուրախացավ մեր ժողովրդի հաջողություններով, միշտ ջանաց իր կարելին ներդնել` հանուն մեր Հայրենիքի առաջընթացի ու բարգավաճման։
…Հոգելույս տիկին Ռիտան իր պարզ ու անմիջական էության մեջ մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր։ Նա ապրում էր իր ինքնաբուխ հանձնառություններով, որոնք համարում էր իր հոգու պարտքը Տիրոջ ու մեր ժողովրդի առջև։ Այդ առաքելությունը լուսահոգի տիկին Ռիտան իրագործում էր աննվազ հետևողականությամբ՝ իր երկրավոր կյանքի ընթացքը պսակելով աստվածահաճո գործերով, որոնց բեղուն վաստակով փոխադրվեց հավիտենություն»,- ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական նամակում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու սփոփանք է մաղթել Սարգսյան ընտանիքին՝ աղոթելով բարեհիշատակ Ռիտա Սարգսյանի հոգու հանգստության ու խաղաղության համար։