Ադրբեջանը բացահայտ անհարգալից է վերաբերվում գերեվարված հայ զինվորականների ու քաղաքացիական անձանց՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր պահանջները: Հայկական կողմը հարկադրված է շարունակաբար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերիների իրավունքները պաշտպանելու համար:
Էրիկ Խաչատրյանը կոկիկությամբ ծառայել է: 2 ամսվա զինծառայողը հասցրել է անգամ պարգևատրվել: Պատերազմն սկսվեց, ծնողները չկարողացան զինկոմիսարիատից շնորհակալագիրը վերցնել: Ամենակարևորն այժմ ամեն գնով Էրիկին Ադրբեջանից տուն բերելն է:
Լիանա Ալոյան (Ադրբեջանում գերեվարված Էրիկ Խաչատրյանի մայրը)- Ամեն թեթև օգնություն պետք է, ուզում եմ, որ շուտ վերադառնա: Ցավոտ է, երբ տեսնում ես՝ ոնց են տանջում, որպես մայր՝ աղաչում եմ, Էրիկիս տուն բերեք:
Բոլոր գերիների համար են խնդրում անել հնարավորը նրանց վերադարձն արագ ապահովելու համար: 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջեբրայիլի հատվածը: Վերջին հեռախոսազանգը հոկտեմբերի 12-ին էր: Գերի ընկնելու մասին իմացել են Ֆեյսբուքից:
Սարիբեկ Խաչատրյան (Ադրբեջանում գերեվարված Էրիկ Խաչատրյանի հայրը)- Վեց, թե յոթ հոգի են, չորս հոգի են ցույց տալիս: Արդեն 40 օր է՝ նախարարություն ենք գնում-գալիս: Ասում ենք՝ գոնե նորություն տվեք մեզ:
Սարիբեկ Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածած տեսանյութում ձեռքը կապած զինվորը Հրազդանից Նարեկն է: Նույն տեսանյութում որդուն՝ Աշոտ Դարբինյանին ճանաչել ու Կարմիր խաչի գրասենյակ են շտապել ծնողները: Աշոտն Արարատի Եղեգնավան գյուղից է:
Լևոն Դարբինյան (Ադրբեջանում գերեվարված Աշոտ Դարբինյանի հայրը)- Երկու ամսվա ծառայող էր, հուլիսին էր գնացել:
Աննա Շահբազյան (Ադրբեջանում գերեվարված Աշոտ Դարբինյանի հորաքույրը)- Երեկ տեսել ենք, դրանից առաջ անհետ կորածների մեջ էր: Փնտրում էինք, երեկ տեսանյութ ենք դիտել, ճանաչել ենք զինվորին, եկել ենք, որ դիմում գրենք:
Դիանա Դարբինյան (Ադրբեջանում գերեվարված Աշոտ Դարբինյանի մայրը) - Շուտ գան, հասնեն մեզ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գրեթե ամեն օր այցելում են 44-օրյա էսկալացիայի հետևանքով գերեվարված անձանց: Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո կոմիտեն պատրաստ է աջակցել կողմերին գերեվարվածներին վերադարձնելու համար:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար)- Ամբողջական պատկերն անհայտ է, թե կողմերում քանի հոգի է պահվում: Ստանում ենք նոր հաստատումներ՝ կապված անձանց տեսանյութերի, այլ վկայությունների հետ, գնում ենք հետքերով: Տեսակցելու գործընթացը շարունակվում է, այցելում ենք նոր մարդկանց:
Ամատունին տեղեկացրեց, որ առանձնազրույցներ են ունենում յուրաքանչյուր գերեվարվածի հետ, ստուգում պահման պայմանները, օգնում կապ հաստատել ընտանիքի հետ: Տարածված տեսանյութերը քննարկվում են, բովանդակությունը չի հրապարակվում:
Զառա Ամատունի- Մտահոգությունները՝ կապված խախտումների հետ, մեր ուշադրության կենտրոնում են, անտարբեր չենք, մյուսները մնում ենք փակ դռների հետևում:
Գերեվարված 19 անձի գործով Հայաստանը դիմել է Եվրադատարան: Ինը զինվորական է, տասը՝ քաղաքացի, որոնք զինադադարից հետո գերեվարվել են Գորիս-Բերձոր ճանապարհին: Տեղեկությունների համար Եվրադատարանն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 30-ը ժամանակ է տվել:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ)- Դատարանը, Ադրբեջանի չհամագործակցելը ֆիքսելով, որ խախտել է տեղեկատվություն տրամադրելու պահանջը, չի կատարել փաստացի, կիրառեց միջանկյալ ժամանակավոր միջոց, որ պարտավորեցրեց Ադրբեջանին կոնկրետ ներկայացնել 9 հոգու մասին տեղեկատվություն:
Այս գործով Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 27-ը, իսկ քաղաքացիական անձանց գործով՝ մինչև 30-ը:
Եղիշե Կիրակոսյան- Ինչու ենք սահմանափակ թվով մարդկանց մասին խոսում, որովհետև մենք պետք է հավաքենք բավարար չափով ապացույցներ, որոշակի շեմ հաղթահարենք․ դա ենթադրում է առնվազն լուսանկարի, տեսանյութի առկայություն:
Պետք է բոլոր գործիքները, հատկապես՝ քաղաքական միջոցները օգտագործել Ադրբեջանում պահվող անձանց կյանքի անվտանգությունն ապահովելու համար: Ստրասբուրգի դատարան դիմելը, Հայաստանի ներկայացուցչի խոսքով, այդ առումով ստեղծում է լրացուցիչ երաշխիքներ:
Եղիշե Կիրակոսյան- Հուսամ՝ առաջիկայում կունենանք քայլեր, Եվրադատարանը ապացուցողական, լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, պետք է աշխատենք քաղաքական ճնշումն ավելացնելու ուղղությամբ, որովհետև մեր ձեռքում կան բազմաթիվ էական ապացույցներ, պատերազմական հանցագործությունների սարսափելի դրվագներ:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն ու փաստաբանական խումբն ամեն ինչ անում են ձեռքն ընկած տեղեկությունների հետքերով գնալու համար: Գերեվարման նոր դեպքերի մասին անընդհատ ստանում են տեղեկություններ՝ տարբեր աղբյուրներից: