Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների՝ տեղում ներգրավվածության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։